23 окт. 2011 г.

Մա՞րդ, թե գիշատիչ...այս է խնդիրը:





     Գրքեր: Որքան հետաքրքիր գրքեր կան գրված: Բայց ցավոք ես դրանցից քչերն եմ կարդացել: Ինչու՞…դե որովհետև չեմ սիրում շատ կարդալ: Արագ հոգնում եմ կարդալուց: Իսկ եթե կարդում եմ, ուրեմն այդ գիրքը շատ հետաքրքիր ու գրավիչ է: Ես երբեք ստիպողաբար չեմ կարողացել կարդալ: Նույնիսկ Րաֆֆու “Սամվել”-ը ես կարդացել եմ 2 ամառվա ընթացքում: Չնայած փոշմանել եմ ծախսածս ժամանակի համար, որովհոտև իմ կարծիքով շատ անհետաքրքիր գիրք էր: Իմ կարդացած ամենահետաքրքիր գիրքը եղել է Էթել Վոյնիչի “Բոռը”: Բայց այստեղ կխոսեմ մեկ այլ, ոչ պակաս հետաքրքիր, գրքի մասին, որը ես կարդացի վերջերս, այսինքն մի 3 օր առաջ: Այդ գիրքը Վահե Քաչայի “Գիշատիչների խնջույքն” է: Այն բաղկացած է 4 վեպերից: Ես կգրեմ երկրորդի` հենց “Գիշատիչների խնջույքի” մասին: Սա ինձ վրա շատ մեծ ազդեցություն գործեց և անպայման այն ուզում եմ ներկայացնել ձեզ:
    Ահա այդ վեպը իմ մեկնաբանությամբ.

  Վեպի դեպքերը, ավելի ճիշտ դեպքը, տեղի է ունենում Ֆրանսիայում` պատերազմի ժամանակաշրջանում: Այդ օրը ծննդյան տարեդարձի կապակցությամբ հավաքվում են միմյանց շատ հարազատ մարդիկ: Նրանք տարիներ շարունակ ընկերներ են եղել և շատ են մտերմացել: Խնջույքի ժամանակ լսվում են կրակոցներ: Քիչ անց գալիս է գերմանական մի սպա և հայտարարում է, որ սպանել են 2 գերմանացի զինվորների: Եվ քանի որ իրենք չեն գտել մարդասպաններին, յուրաքանչյուր զինվորի համար վերցնելու են 5 պատանդ: Մուտքում 5 տուն կար, այսինքն ամենքից 2 հոգի: Ու ամենադաժանն այն է, որ պատանդների ընտրությունը թողնում է ներկաներին: Եվ ահա 7 մտերիմ ընկերներ պետք է իրենցից ընտրեն 2-ին, ովքեր պատանդ գնալով ամենայն հավանականությամբ գնդակահարվելու են: Ստեղծվել է մի իրավիճակ, որում հայտնված մարդկանցից յուրաքանչյուրը ուզում է ապրել և յուրաքանչյուրն էլ ունի դրա իրավունքը: Ընտրության համար տրված էր 2 ժամ: Ի՞նչ անել, ինչպե՞ս ընտրել: Այս հարցերը շարունակ պտտվում էին կիսախավար և ծխախոտի ծխից մի քիչ մշուշոտ սենյակում: Եվ հենց այստեղ սկսվում է կյանքի համար պայքարը: Ամեն մեկն իր հերթին փորձում է դուրս պրծնել մահվան խժռող երախից: 7 հուսահատված ընկերներ սկսում են միմյանց բացատրել, թե ինչու՞ իրենք չպետք է պատանդ գնան: Մեկը կույր է, մեկը` հղի, մյուսը բժիշկ է, մյուսը` 65 տարեկան է, բայց նոր-նոր է սկսել վայելել կյանքը, մյուսը զոհված զինվորի այրի է, իսկ մյուսը ոչ մի արտահայտված արժանիք չունի ողջ մնալու համար: Սկզբում նրանք բոլորն էլ մտածում էին փախչելու, դուրս պրծնելու ելք գտնելու մասին: Ահա առաջին առաջարկված տարբերակը` փախչել պատուհանից: Բայց ինչպե՞ս: Դրսում ամենուրեք քաղաքը օկուպացրած գերմանական զինվորներն են: Առաջինը անհաջող միտք էր: Հայտնվում է երկրորդ “փայլուն” գաղափարը: Վառել տունը` այդ ընտանիքի այդքան տարվա ստեղծածը և, օգտվելով ստեղծված խառնաշփոթից, փախչել: Լավ, եթե խոսքը կյանքի ու մահվան հարցին է վերաբերվում, ապա վառել: Ամեն ինչ պետք է արագ կատարվեր. սպան դռան ետևում էր: Սկզբում վառեցին խոհանոցի վարագույրները, հետո սեղանը…Բայց ոչ, չստացվեց: Սպան արդեն խոհանոցի դռան մոտ էր: Ի՞նչ կանի…Ոչինչ…Նա նույնիսկ չավելացրեց պահանջվող պատանդների քանակը: 2 պատանդ և 2-ից էլ պակաս ժամ: Ժամանակը գնում էր: Եվ ահա 7 ընկերներն անցնում են գործի: 7-ից յուրաքանչյուրը անզորությունից սկսում է ցեխ շպրտել “ընկերոջ” վրա: Ամեն մեկը սկսում է թվարկել իր առավելությունները կյանքի նկատմամբ: Ինչու՞ պետք է պատերազմի ժամանակ կուրացած մարդը գնա պատանդ: Չէ որ ինքն այդքան օգնել է իր հայրենիքին, նրա պատճառով կուրացել է և նոր-նոր է համակերպվել այդ մտքի հետ ու ապրում է նորմալ կյանքով: Կամ ինչու՞ պետք է պատանդ գնա հոբելյարը, ով հղի է: Կամ նրա ամուսինը, ով պետք է հայր դառնա ու պահի իր ընտանիքը: Ինչու՞ պետք է գնա զոհված զինվորի այրին, չէ որ իր ամուսինը զոհվել է հանուն հայրենիքի: Ինչու՞ պետք է գնա նա, ով 65 տարեկան է, բայց այդ տարիների ընթացքում քրտնաջան աշխատել է և մեծ հարստություն է կուտակել ու հիմա միանգամայն արժանի է, որպեսզի վայելի իր աշխատանքի արդյունքները: Ինչու՞ պետք է գնա նա, ավ բժիշկ է և այդքան օգնել է մարդկանց ու նաև հիվանդ կին ունի: Մնաց մեկը` նա, ով ոչ մի արժանիք չունի, նա,ով իր ճարտարապետի դիպլոմը հրաշքով էր ստացել, նա, ում մանկության երազանքը եղել է պոկեր խաղալն ու խարդախելը, բայց նա էլ է ցանկանում ապրել ու պատրաստ չէ մտնել մահվան երախը: Դրությունն ավել քան բարդ էր ու ծանր: Ամեն մեկը վիրավորում էր մյուսին ու նվաստացնում: Եվ ահա այդ ծանր մթնոլորտում ամենաանհոգը, ում դեմքին չկար անհանգստության ոչ մի նշույլ, և ով դատարկում էր գինու բաժակները մեկը մյուսի հետևից, առաջարկեց ելքի մի ուրիշ տարբերակ: Այդ տարբերակը պետք է իրագործեին կանայք: Կարծում եմ հասկացաք, թե ինչի մասին է խոսքը: Դրա միջոցով  հնարավոր կլիներ շահել սպայի սիրտը, և ամենայն հավանականությամբ նա նրանց բաց կթողներ: Կանայք 2-ն էին: Բայց նրանցից ո՞ր մեկը կանի դա: Հոբելյա՞րը, ով վտանգելու ոչինչ չուներ, քանի որ արդեն հղի էր, թե ով կորցրել էր ամուսնուն: Գնաց առաջինը: Մի քանի դաժան րոպեներ ամուսնու համար և…կինը վերադարձավ: Ոչինչ չեր ստացվել: Եվս մեկ պարտություն: Ժամանակը ագահորեն կլանում էր րոպեները, բայց դեռ ամեն ինչ անորոշության մեջ էր: Նորից նույն հարցը` ի՞նչ անել: Մի գուցե քվեարկե՞լ: Դե իհարկե. Դա փայլուն գաղափար է: Լավ, քվեարկել: Քվեարկությունն իրականացավ: Արդյունքները հաշվեցին և …ովքե՞ր կգնան…Ոչ ոք…Քվեարկությունն անօգուտ էր անցել: Կույրը ևս մի տարբերակ գտավ: Նա 3 հոգու հետ թաքնվեց սենյակում, մյուսներին ատրճանակով սպառնալու միջոցով: Գործը հեշտացավ, մնացին 3-ը…բայց ոչ…Այդ 4-ից մեկի սիրտը չտարավ դա և նա բացեց դուռը, իսկ ատրճանակը պատուհանից շպրտեց: Նա արդարություն էր ուզում: Չէ որ բոլորն էլ հավասար իրավունքներ ունեն կյանքի նկատմամբ: Մթնոլորտն ավելի լարվեց: Այդ 7 ըկներները միմյանց նայում էին թշնամաբար: Նրանք երբեք դիմացինին այդքան վատը չէին տեսել, նրանք չեն ատել միմյանց: Նրանք երբեք չէին մտածել, որ իրենց ընկերոջ ներսում նման գիշատիչ է նստած: Ի՞նչ է ստացվում…Այդ սենյակում գտնվում են 7 գիշատիչներ, որոնք հարձակվել են միմյանց վրա ու հոշոտում են: Բայց չէ որ 1.5 ժամ արաջ նրանք այդքան մտերիմ ընկերներ էին և այդքան սիրում էին իրար: Իսկ հիմա, երբ խոսքը վերաբերվում է մահվանը, ի՞նչ է կատարվում, ինչի՞ են վերածվել նրանք: Եվս մի քանի րոպե ու…միջանցքի դուռը բացվեց: Ներս մտավ սպան: Բոլորի սրտերը սկսեցին աշխատել զգալիորեն արագ: Սպան կատարեց իր հայտարարությունն ու դուրս եկավ: Ի՞նչ ասաց նա, որ բոլորը մի պահ քարացան: Ոչ ոք չէր շարժվում, չէր խոսում: Նա ասաց, որ մեղավորներին բռնել են և իրենցից պատանդներ չեն տանելու: Լուրն իմանալով նրանք մի պահ չարձագանքեցին սպաի խոսքերին: Հետո բոլորն ուշքի եկան: Իսկ ի՞նչ կատարվեց հետո: Մի՞ թե բոլորը միմյանցից նեղացած հեռացան: Սպասելի տարբերակ էր, բայց այդպես չեղավ: Զարմանալի է, բայց շարունակվեց 2 ժամ առաջ սկսված խնջույքը: Հոբելյարը բերեց տորթը, փչեց մոմերը, ու սկսեցին ուտել: Կարծես այդ 2 ժամը չէր էլ եղել: Ամեն ինչ շարունակվեց իր նորմալ հունով:

     Ահա թե ինչպիսին կարող են լինել մարդիկ: Ահա թե ինչեր կարող են անել հանուն ողջ մնալու: Որպես վերջաբան մեջբերեմ նրանցից մեկի մտքերը. “ Ի՞նչ տարօրինակ է այս բոլորը: Ահա Վիլկերը (65տարեկան ընկերը): Պատրաստված մարդ է…հանգիստ կյանք է վարել: Կարդացել է…գուցե փիլիսոփա է: Մի բան որոշակի է. իր ամբողջ կյանքում մրջյուն անգամ չի տրորել…ահա Վիլկերն ինչպիսին որ կա…Նա անցնում է իմ կողքով, և ես նրան հրում եմ: Վիլկերը, որ 50 տարի առանց ձայնը բարձրացնելու ապրել էր, փոխվում է: Նա գունատվում է, գործում է, հրում է ինձ…գրեթե ինձ սպանելու ցանկություն ունի: Հապա տարօրինակ չէ՞…Ինչու՞: Բնազդն է…Բնազդը…Բայց դպրոցում մեզ բնազդը զսպել չեն սովորեցնում: Վա՛հ, կյանքի օրենքն է…մենք բոլորս գիշատիչներ ենք…փոքրիկ, սիրուն, լավ վարժեցրած գիշատիչներ, և մենք շղթայի կարիք չունենք: Մեր շղթան կոչվում է կարգուկանոն…մենք ենթարկվում ենք միֆերին…Օձերի պես տարիներ շարունակ մնում ենք անշարժ…Հետո միանգամից ցատկում ենք մեր զոհի վրա…լավ կամ վատ մարսում ենք ու մոռանում…ինչ-որ բան դեռ խախուտ է…իսկապես, իսկապես, ինչ-որ բան դեռ խախուտ է…”
                               

0 մեկնաբանություն:

:)) ;)) ;;) :D ;) :p :(( :) :( :X =(( :-o :-/ :-* :| 8-} :)] ~x( :-t b-( :-L x( =))

Отправить комментарий