6 нояб. 2011 г.

Ու՞ր ես հոգուս եղանակ...



    Բարևներ ընթերցողներիս: Այսօր ես չեմ գրելու ինչ-որ հետաքրքիր փաստի մասին, չեմ գրելու գովազդների մասին, չեմ կատարելու ինչ-որ բանի վերլուծություն: Այսօր պարզապես ուզում եմ գրել իմ հոգեվիճակի մասին: Ուզում եմ հաղորդել այն, ինչ կա այնտեղ, ինչ կատարվում է այնտեղ: Ես կարծում եմ միայն իմ հոգում չի տիրում այս իրավիճակը, շատերն են նույնը զգում: Եվ դա պայմանավորված է դրսում տիրող եղանակով:


    Աշուն է: Աշուն է ամենուրեք` և դրսում, և իմ հոգում: Դրսում աշունն անխուսափելի է, իսկ իմ հոգու՞մ: Ինչու՞ է այն մտել նաև հոգուս մեջ: Ես նրան չէի սպասում, ես նրան չեմ սիրում: Մի՞ թե իմ հոգու եղանակներն էլ են տարվա հետ համահունչ` աշնանը` աշուն, ձմռանը` ձմեռ, գարնանը` գարուն, ամռանը` ամառ: Ամա՜ռ…Երանի՜ հոգումս միշտ ամառ լիներ: Նա միշտ սպասված հյուր է ինձ համար: Բայց ես կնախընտրեի, որ հոգուս մշտական բնակիչը լիներ, այլ ոչ թե պարզապես հյուր: Իսկ նա հիմա իր տեղը զիջել է ցրտին, անձրևին ու քամուն: Ու դրա հետևանքով հիմա հոգումս փոթորիկ է` անձրևոտ փոթորիկ:

Ու այդ փոթորիկը տակնուվրա է անում այն ամենը, ինչը ես այդքան խնամքով դասավորել էի իրենց տեղերում: Հիմա չեմ կարողանում` փոթորիկը խանգարում է: Նա անկարգ երեխայի նման դես ու դեն է շպրտում այն, ինչը փորձում եմ դնել իր տեղում: Ա՜խ աշուն…գնա՛ ես քեզ չեմ սպասել, ես քեզ չեմ ուզում ընդունել…Համառու՞մ ես…ախր ինչպե՞ս կարելի է մնալ այնտեղ, որտեղ դու ավելորդ ես, որտեղ քեզ չեն սիրում: Պետք չէ նեղանալ, պետք չէ հարգելիս…դու վատը չես, որպես տարվա եղանակ: Դու վատն ես իմ հոգու եղանակը լինելու համար: Ես ամառ եմ ուզում` տա՜ք, շո՜գ, տո՛թ ամառ: Դա ինձ համար ավելի նախընտրելի է քան ցուրտը և նրա բերած դատարկությունն ու անորոշությունը: Ես չգիտեմ ին՞չ անել, ինչպե՞ս անել ու ինչի՞ համար անել: Դու անզոր ես դարձրել ինձ: Ինձ` այս լավատես աղջնակիս, դարձրել ես հուսահատված: Ես չեմ ուզում այսպիսին լինել…բայց ես անզոր եմ քո դեմ, ես թույլ եմ քո դեմ: Ինձ մնում է միայն քեզ խնդրել, որ գնաս, ուրիշ ոչինչ չեմ կարող անել: Աշուն հավաքիր տերևներդ, անձրևդ, քամիդ ու հեռացիր հոգուցս, խնդրում եմ…….Ամաաա՜ռ, ու՞ր ես, վերադարձի՛ր….ու՞ր ես գնացել հոգու ի՛մ եղանակ…Վերադարձիր ու հետդ բեր իմ ուրախ օրերը, քո տաք շնչով տաքացրու հոգիս, այն սառել է…քո արևի ջերմ շողերով պայծառացրու օրերս, նրանք մթնել են…քո մեղմ զեփյուռով ցրիր հոգուս մառախուղը, այն ինձ տանջում է…Ա՜խ ամառ, դու չես կարողանում գալ…Քեզ պետք է բերել…Իսկ ու՞ր են նրանք, ովքեր պետք է բերեն քեզ…Չկան…Բայց ես սպասում եմ…սպասում եմ նրանց ու սպասում եմ քեզ…

2 комментария:

  1. Աշուն է.....ու եթե լույս է հոգուդ մեջ՝սարսափելի չէ թախիծը նրա...

    ОтветитьУдалить
  2. Միանգամայն ճիշտ բառեր.......Շնորհակալություն)))

    ОтветитьУдалить